Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Դեֆոլտը՝ քաղաքական կատեգորիա

Դեֆոլտը՝ քաղաքական կատեգորիա
14.10.2016 | 10:15

«Մինչ վարչախումբն զբաղված է կառավարման համակարգի և ընտրական գործընթացի բարեփոխման թատերական արարողություններով` ակնհայտորեն միտված ոչ այնքան պետության առողջացմանը, որքան սեփական իշխանության ամրապնդմանն ու հավերժացմանը, մեր երկրին մոտ ժամանակներս սպառնում է իրական տնտեսական աղետ` այս անգամ թաքնված ԴԵՖՈԼՏ «բարեհունչ» անվան տակ». ահազանգողը ՀՀ առաջին և ՀԱԿ վերջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է: Նրա քաղաքագիտական վերլուծությունների մեջ այս մեկը լակոնիզմի գագաթնակետն է: Ռեկորդ: Նույն առիթով երեկ սահմանվեց ևս մեկ ռեկորդ՝ նրա ահազանգը տեղնուտեղը պատասխանվեց: Ճիշտ է՝ ոչ այն հասցեից, ուր ահազանգն ուղղված էր: Լևոն Տեր -Պետրոսյանին պատասխանեց Կենտրոնական բանկը.

«ՀՀ Կենտրոնական բանկը, որպես կայացած և պրոֆեսիոնալ կառույց, իր գործունեության ընթացքում զերծ է եղել և մնում հասարակության շրջանում և մամուլում շրջանառվող ոչ մասնագիտական, չհիմնավորված գնահատականներին արձագանքելուց: Հաշվի առնելով, որ այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակայնորեն մտահոգություն է հայտնել ՀՀ տնտեսական իրավիճակի վերաբերյալ՝ կանխատեսելով «դեֆոլտ», բացառության կարգով, ցանկանում ենք արձագանքել մեծարգո առաջին նախագահին.


1. Դեֆոլտ, տվյալ դեպքում, նշանակում է պետության կողմից պարտքային պարտավորությունների պատշաճ և ժամանակին կատարման բացակայություն կամ թերացում:
2. ՀՀ-ն կատարել և շարունակում է կատարել իր պարտավորությունները առանց որևէ խոչընդոտի և ապագայում չի նշմարվում որևէ ռիսկ, որ ՀՀ-ն չի կարողանա կատարել իր պարտավորությունները: Ավելին, ակնառու են մի շարք ցուցիչներ, որոնք վկայում են ապագայում ՀՀ բավարար վարկունակության մասին. պարտքի և արժութային շուկաների կայունությունը, վճարային հաշվեկշռի բարելավումը, միջազգային պահուստների բավարար մակարդակը, ինչպես նաև արտաքին և ներքին շուկաներում պետական պարտատոմսերի շրջանառության ծավալների աճը և տոկոսադրույքների էական նվազումը»: Մեկ նախադասությանը՝ հինգով: Իրականում որպես «կայացած ու պրոֆեսիոնալ կառույց»՝ ԿԲ-ն պարտավոր է «հասարակության շրջանում և մամուլում շրջանառվող ոչ մասնագիտական, չհիմնավորված գնահատականներին արձագանքել»՝ իր իսկ շահերից ելնելով, պետք չէ հասարակությանը կամ մամուլին վերաբերվել փղոսկրյա աշտարակում փակված քրմերի պես, բայց էականը դա չէ:


Էականը ահազանգի պահն է և պատասխանողի հասցեն:
Լևոն Տեր-Պետրոսյանը նույն հայտարարությունը պիտի աներ երկու տարի առաջ, երբ առաջին անգամ Հայաստանի արտաքին պարտքն անցավ ՀՆԱ-ի 50 տոկոսից: Բայց չարեց: Կարող էր անել մեկ տարի առաջ: Չարեց: Թեպետ տագնապը տեղին է, ոչ մի կասկած, որ առաջին նախագահը հանգիստ կարող էր ահազանգը հիմնավորել թվերով ու հաստատել տնտեսագիտական հաշվարկներով: Տնտեսագիտությունը նրան այս պարագայում բոլորովին պետք չէր: Ահազանգը քաղաքական է և վերաբերում է ոչ այնքան տնտեսությանը, որքան ՏԻՄ ընտրություններին: Լևոն Տեր-Պետրոսյանը պարզ ասում է, որ չի կարելի ՀԱԿ-ին քաղաքական հաշվեկշռից դուրս դնել և ՏԻՄ ընտրությունների մեկ տոկոսը խորհրդարանական ընտրությունների, ասենք, երկու տոկոսի հիմք ընդունել: Եվ ասում է ոչ միայն նրանց, ովքեր նախնական ցուցակներն են կազմում, ավելի շատ նրանց, ովքեր վերջնական տեսքի են ցուցակը բերում: «Դեֆոլտը» լակոնիզմի այս գագաթնակետին քաղաքական կատեգորիա է: Նույնքան քաղաքական է ԿԲ-ի «պատասխանը»՝ ավելի ստույգ՝ Լևոն Տեր-Պետրոսյանին ասվեց՝ ահազանգը լսվեց, պատասխանը տրվեց, հարցեր կա՞ն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Կիսանոր կառավարությունը հաստատել է իր ծրագիրը և պատրաստվում է ներկայացնել խորհրդարանին: Լևոն Տեր-Պետրոսյանի ահազանգը տեղին կլիներ կառավարության ծրագրի քննարկման օրերին: Ինչու շտապե՞ց: Որովհետև Պուտինն է եկել: Հայաստան: Իր ոտքով:

Դիտվել է՝ 2948

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ